Friday, September 23, 2011

Խորը և խելացի աչքեր

Ես զգում եմ ինձ ուղղված զույգ աչքերի ջերմ հայացքը:  Շրջվում եմ, բայց ոչ թե մեկ, այլ մի քանի զույգ աչքեր են նայում ինձ` այնքա~ն բարի, այնքա~ն խելացի հայացքով: Անկախ ինձանից ես էլ ժպտում եմ ու զգում դրական էներգիայի ու բարության ներհոսք դեպի իմ հոգի: Իսկ իմ էներգիան իր հերթին նրանց է փոխանցվում: Ես զգում եմ, զգում եմ, թե ինչպես են ինձ  ժպտում… բակի թափառական շները:
Բակի ահ ու սարսափները զգում են, որ ոչ միայն չեմ վախենում իրենցից , այլև սիրում եմ իմ դեռևս մանկական հոգով: Ու ժպտում եմ իմ հազվադեպ ժպիով , որն ինձ ճապոնացու է նմանեցնում և քայլում եմ առաջ: Ճանապարհին լիքը մեծ ու փեքր շներ կան: Թեև անտուն են ու կիսաքաղց, բայց մենակ չեն, լքված չեն ու ԱԶԱՏ են: Բոլորին էլ ժպտում եմ, նույնիսկ խնձոր եմ տալիս, քանի որ ուրիշ բան չունեի: Ես զգում եմ, որ նրանք մտածում են “Բայց սա այնքան էլ վատ մարդուկ չէ, չնայած խնձորի տեղը հաց ու երշիկ կնախընտրեինք”:
Զարմացել եմ և շարունակում եմ զարմանալ, թե ինչու են մարդիկ վախենում նրանցից ու հալածում: Եթե գազանաբար հարվածելու կամ փախչելու փոխարեն թեկուզ մի կտոր հաց տան, ապա և' շունիկը քաղցած չի մնա, և' իրենք մի շատ -շատ լավ բարեկամ կգտնեն:
Երբ ես մտնում եմ մեր բակ, գիտեմ, որ այստեղ հավատարիմ ընկերներ ունեմ , որոնց ամեն անգամ տեսնելիս ժպտում եմ, ուղղակի ժպտում ...Կհարցնես , թե ինչու եմ ժպտում? Ճիշտ է նրանք քաղցած են ու թափառաշրջիկ, բայց միևնույն ժամանակ լույս ու հույս  են ճառագում:
Մի' հալածեք խեղճ կենդանիներին.  նրանք ոչ միայն  բարի են ու  խելացի, այլև  երբեք չեն մոռանում քո արած լավությունը:

Thursday, August 11, 2011

Հնարամիտ խուզարկուի միամիտ հեղինակը

 Շերլոք Հոլմսի հեղինակ սըր Արթուր Կոնան Դոյլը Փարիզում էր: Նա երկաթգծի կայարանից տաքսիով հյուրանոց էր գնում: Երբ նրանք հասան հյուրանոց, նա դուրս եկավ մեքենայից և վարորդին վճարեց պետք եղածից ավելի:
- Շնորհակալությու'ն, պարոն Կոնան Դոյլ, - ասաց վարորդը:
- Ինչպե՞ս իմացաք թե ով եմ ես,- պատասխանեց զարմացած գրողը:
- Դե , ես երեկ թերթում կարդացել էի, որ դուք Հարավային Ֆրանսիայից Փարիզ եք գալիս: նկատեցի ,ապա որ ձեր մազերը կտրված են հարավֆրանսիական վարսավիրի կողմից: Այն գնացքը, որով ժամանեցիք, Հարավային Ֆրանսիայից էր եկել: Ձեր զգեստները, հատկապես` գլխարկը, հասկացրին , որ դուք անգլիացի եք: Այսպիսով, ես այս փաստերը միացրեցի և հասկացա , որ դուք սըր Կոնան Դոյլն եք:
- Հիանալի է, որ  այդքան քիչ փաստերով կարողացաք հասկանալ թե ով եմ ես:
-Իհարկե', - ասաց տաքսու վարորդը,- Ձեր անունը գրված էր ձեր ճամփորդական պայուսակի 2 կողմերում: Դա նույնպես ինձ օգնեց...

Wednesday, August 10, 2011

Ռոբինզոն Կրուզոյի ծնունդը

1712 թվականին Դանիել Դեֆոն հանդիպում է Ալեքսանդր Սալկիրկ անունով մի նավաստու, ով երկար ժամանակ ապրել էր անմարդաբնակ կղզում: Նավապետի հետ վեճից հետ, Ալեքսանդրին իջեցրել էին Չիլիի ծովածոցում գտնվող կղզիներից մեկում : Ավելի քան 4 տարի նավաստին միայնակ ապրել է այս կղզում: Հետո նրան փրկել է մի նավ, որն այդ կղզում ջուր էր փնտրում: Իսկ երբ նավաստին  վերադարձավ Լոնդոն, նրա արկածների մասին սկսեց խոսել ողջ քաղաքը: Նրա մասին մի քանի պատմություններ գրվեցին, կարդացվեցին, ապա մոռացվեցին: Սակայն Դանիել Դեֆոն չմոռացավ: Սելկիրկի յուրօրինակ պատմությունը բորբոքեց նրա երևակայությունը:
Եվ Դեֆոն սկսեց պատմություն գրել նավաբեկման ենթարկված մի մարդու մասին: Նա իր պատմության կղզին ընտրեց երկրագնդի մեկ այլ մասում և ստեղծեց իր երևակայական հերոսին` Ռոբինզոն Կրուզոյին: Լրագրողի իր մեծ ձիրքի շնորհիվ Դեֆոն կարողացավ ճշմարիտ թվացող պատմություն գրել:
Գիրքը մեծ հաջողությունների հասավ: Մինչ այժմ էլ բոլորը կարդում են այն, հավանում և գրեթե հավատում: Երևակայական հերոս Ռոբինզոն Կրուզոյի պատմությունը հայտնի է  ողջ աշխարհում, մինչդեռ Սալկիրկի իրական պատմությունը գրեթե անհայտ է:

Էդիսոնի էժանագին գյուտը

Թոմաս Ալվա Էդիսոնը իր ժամանակի մեծագույն գյուտարարներից մեկն է եղել: Նա այնքան գյուտեր է արել, որ դժվար է ասել թե որն է դրանցից մեծագույնը:
1968 թվականին, երբ դեռ աշխատում էր Բոստոնում, Էդիսոնը կատարում է իր առաջին արտոնագրված հայտնագործությունը   ` ստեղծում է էլեկտրամագնիսական սարքը:
Պատմվում է, որ նա ցանկանում էր 3000 դոլար պահանջել իր գյուտի համար, սակայն կարծում էր, որ այն կվաճառի 2000 դոլարով: Նա հանդիպում է գյուտով հետաքրքրված  գործարարներիի հետ, որպեսզի քննարկեն սարքի վաճառքի հարցը: Սակայն երբ Էդիսոնին հարցնում են սարքի գինը, նա այնպես է հուզվում ու նյարդայնանում, որ չի կարողանում խոսել և որոշում  է ստանալ այն գումարը, որը կառաջարկեն: 
Որոշ ժամանակ անց գործարարներից մեկը խախտում է լռությունը.
-Մենք չենք պատրաստվում քեզ բարձր գին վճարել,- ասում է նա,- մենք արդեն որոշել ենք ,թե որքան պետք է տանք` ընդամենը 40000 դոլլոր:
Էդիսոնը ավելի քան բավարարված էր այս առաջարկով ...

Հ.Գ. Փաստորեն, միշտ չէ, որ գիտնականների գրպանում մկներ են վազվզում. երբեմն նրանց բախտն էլ է բերում :Ճ

Գեղեցիկ աղջիկն ու վառարանը

Ալբերտ Էյնշտեյնը` նախորդ դարի մեծագույն գիտնականներից մեկը , սկսել է խոսել 4 տարեկանից և շատ  ամաչկոտ երեխա է եղել:
Էյնշտեյնի Հարաբերականության տեսությունը, որը սկզբում երևակայության արդյունք է թվում, գիտնականին հռչակ է բերել 5 մայրցամաքներում, և դարձել ժամանակակից ֆիզիկայի անկյունաքարը: Ներկայումս, շատ ֆիզիկական երևույթներ չեն կարող բացատրվել առանց Հարաբերականության Տեսության:
Էյնշտեյնն ասել է, որ միայն 12  մարդիկ են հասկանում Հարաբերականության Տեսությունը, չնայած մոտ 900 գրքեր են գրվել ` փորձելով բացատրել դա:
Հենց ինքը` գիտնականը, Հարաբերականության Տեսությունը մի շատ պարզ համեմատության միջոցով է բացատրում.
-  Երբ դու մեկ ժամ նստած ես մի գեղեցիկ աղջկա հետ, քեզ թվում է թե ընդամենը մեկ րոպե է անցել: Իսկ երբ դու մի րոպե նստում ես տաք վառարանի վրա, քեզ թվում է, որ արդեն մեկ ժամ է անցել: Լա'վ, լա'վ, հենց սա է հարաբերականությունը: Ինձ այս ճշմարտացի է թվում, բայց եթե դու ինձ չես հավատում և ուզում ես փորձել, ես ուրախ կլինեմ նստել գեղեցիկ աղջկա հետ մինչ դու կնստես վառարանի վրա:

Ռեմբրանդտի փայտե մաշիկները

Փոքրիկ Ռեմբրանդտը դպրոցում ուսուցչին լսելու փոխարեն, խոզուկներ և ճուտիկներ էր նկարում իր կողքին նստած աշակերտի փայտե մաշիկների վրա: Ուսուցիչը, տեսնելով այս, բարկացավ տղայի վրա և սպառնաց, որ կպատմի վերջինիս մորը:
Կեսօրին, երբ Ռեմբրանդտը իրենց տան մոտ գտնվող բլրակի գագաթին նստած  հետևում էր փողոցի անցուդարձին, հանկարծ նկատեց , որ ուսուցիչը գնում է դեպի իրենց տուն: Նա համոզված էր, որ ուսուցիչը եկել էր իր ծնողների հետ խոսելու: Մի քանի րոպե անց, Ռեմբրանդտի հայրը կանչեց որդուն , և տղան տեսավ իր ուսուցչին` ձեռքին իր նկարազարդած կոշիկներից մեկը: Ի զարմանս ապագա նկարչի, մայրը, բարկանալու փոխարեն, քնքշորեն հարցրեց.
- Տղա'ս, դու իրո՞ք ուզում ես նկարիչ դառնալ:
Ռեմբրանդտին թվում էր , թե իր սիրտը կպայթի ուրախությունից. նա ուղղակի չէր կարողանում հավատալ իր ականջներին: 
Իսկ ուսուցիչը կրկնապատկեց տղայի  ուրախությունը` ասելով, թե իրեն շատ են դուր եկել նրա հիանալի նկարները և ինքը ցանկանում է, որ Ռեմբրանդտը դառնա քաղաքի հայտնի նկարիչներից մեկի աշակերտը:

Իսահակ Նյուտոնի ճաշը

Իսահակ Նյուտոնը այնքան էր տարված բարդ խնդիրներով ու հաշվարկներով, որ բավականին ցրված էր դարձել: Մի օր գիտնականի ծանոթներից մեկը նրան այցելության է գալիս, սակայն հյուրին զգուշացնում են, որ սըր Իսահակ Նյուտոնը աշխատոմ է , և ոչ ոք իրավունք չունի խանգարել նրան:
Քանի որ արդեն ճաշի ժամն էր, հյուրը նստում է ճաշասենյակում և սպասում գիտնականին: Գալիս է ծառան և սեղանին ծածկված ամանով եփած հավ է դնում: Անցնում է մոտ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չի հայտնվում:  Քաղցած հյուրը ուտում է հավը ,ծածկում ոսկորներով լի ամանը և ծառային խնդրում, որ տիրոջ համար մեկ այլ հավ պատրաստի:
Մինչ երկրորդ հավը կեփվեր, գիտնականը ճաշասենյակ է մտնում , ներողություն խնդրում իր ուշացման համար, ապա ավելացնում.
- Ես չափազանց քաղցած եմ և հոգնած: Խնդրում եմ սպասեք մինչև ճաշեմ, ապա ամբողջովին  ձեր տրամադրության տակ կլինեմ:
Այս բառերն ասելով գիտնականը բարձրացնում է կափարիչը և շրջվելով դեպի հյուրը, առանց որևէ զգացմունքի ասում.
- Տեսնում՞ ես, թե մենք` գիտնականներս ինչ տարօրինակ մարդիկ ենք: Ես միանգամայն մոռացել էի, որ արդեն ճաշել եմ:
Այդ պահին ծառան մյուս հավն է բերում, իսկ հյուրը բացատրում է թե բանն ինչում է: Քահ- քահ ծիծաղելուց հետո, քաղցած գիտնական նստում վերջապես  ճաշում է:

Մանկան Հոգին` ըստ Հերման Հեսսեի


 Երբեմն մենք ինչ-որ բան ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում, կատարում մեկ այս, մեկ այն , ու ամեն ինչ բնական ու հեշտ է թվում` ոչնչով չծանրաբեռնված ու կարծես ոչ պարտադիր: Սակայն ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել . անպարտադիր և հեշտությամբ տրվող ոչինչ գոյություն չունի և նույնիսկ մեր յուրաքանչյուր ներշնչում - արտաշնչումը սահմանված է ի վերուստ և ծանրաբեռնված ճակատագրով: Մեր կյանքի այն արարքները, որոնց մասին թեթև ու հաճույքով ենք խոսում, դրանք բոլորն էլ հեշտությամբ էլ մոռանում ենք: Որիշ արարքներ , որոնց մասին դժվարանում ենք  խոսել, մենք ԵՐԲԵՔ չենք մոռանում. դրանք ինչ-որ չափով ավելի են մերը, քան առաջինները, որովհետև նրանց երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր մնացյալ օրերի վրա:
 Համամիտ եմ Հեսսեի հետ: Այնքան բաներ կան , որ անկարևոր են թվում առաջին հայացքից, սակայն դրանց մասին չենք կարողանում պատմել որևէ մեկին: Այդ արարքներ մասին հիշողություններըհետապնդում են մեզ, բայց չի ստացվում ազատվել, քանի որ չի ստացվում մոռանալ: Իսկ չի ստացվում մոռանալ, քանի որ ՁԳՏՈՒՄ ենք մոռանալ: Այդպես վարվելով մենք կրկին ու կրկին վեր ենք հիշում , մտածում ու տառապում: Իսկ ուրախ ու թեթև բաները , որ շտապ ընկերոջն ենք պատմում, շուտ էլ մոռացվում են, հեռանում: Ստացվում է, որ դրանք մեզ չեն պատկանում, մերն այն դժվար և բացասական զգացմունքներ, ամոթ ու վախ ներարկող արարքներն են, որոնք թեև միայն մեզ են հայտնի, բայց միշտ թաքնված են մեր ետևում` պատրաստ յուրաքանչյուր վայրկյան թիկունքից հարձակվելու մեր երջանիկ կյանքի վրա:

Մեծահասակները սովոր են ձևեր թափել, թե իբրև աշխարհը կատարյալ է , և մենք էլ դրա գեղեցկությունը վայելող կիսաստվածներ ենք: Բայց միթե՞ աստծո արարչագործ աշխարհում այնպես է նախասահմանված, որ դեռատի երեխան իր մեջ հավասարապես պիտի կրեր բոլոր վեհ ու ազնիվ և բոլոր չար ձգտումները: Եվ որ նա, այդ դժբախտ ու ծիծաղելի էակը պիտի տառապեր ու տարակուսանքի գիրկն ընկներ` ի բավականություն իրեն մշտապես նայող աստծու: Միթե՞ այդպես է նախասահմանված... Բայց այդ դեպքում այս աշխարհը արդյո՞ ք չէր լինի դևերի մի թատերաբեմ` արժանի որ իր վրա թքեին:  Այդ դեպքում, միթե՞ աստված չէր լինի մի ճիվաղ, խելագարի մեկը, դատարկամիտ և անճոռնի մի պճնամոլ: Եվ հենց այդ միջոցին, երբ ես  կրքոտ ըմբոստությամբ իմ մտորումներին էի տրված, իմ հլու-հնազանդ սիրտը ջղաձգվում և ցնցվում էր , և ես դատապարտում էի ինձ աստվածանարգության մեղադրանքով:
Նույնիսկ աստծու և աստվածանարգության գաղափարը մի կողմ դնելով, ակնհայտ է, որ հեղինակը շատ ճիշտ է նկարագրում մարդու հոգին երեխայի շուրթերով: Որտեղի՞ց են մեր մեջ միանգամից այդքան հակասական և իրարամերժ մտքեր ծնվում, ինչու՞ ենք հենց մենք ինքներս մեր առաջին թշնամին...

Հ.Գ.  Այս 2 մտքերը Հերման Հեսսեի <<Մանկան Հոգին>> պատմվածքից էին , իսկ մեկնաբանությունները` իմ ուղեղից:

Փախուստ

   Նավակը շարժվեց.. Հեռվից նայելիս թվում էր, թե հազիվհազ ընթանում է առանց սեփական արագությամբ, նավակում նստած ժամանակ` զեփյուռը մեղմորեն մազերս էր շոյում, իսկ երբ կանգնեցի, քամին սկզբում ուժգնորեն ապտակեց, ապա սկսեց հաճելիորեն զովացնել: Թեթև գլխապտույտ զգացի, թեև ծովային հիվանդությամբ ամենևին էլ չեմ տառապում: Ուղղակի բնություննը անքան հրաշալի է, այնքան գեղեցիկ ու կախարդող, որ կեղտոտ ու մեծ քաղաքում ծնված և մեծացած մարդը չի կարողանում միանգամից յուրացնել այդ չքնաղ տեսարանը: Հանդարտ գետը, երկնագույն ջինջ երկինքը, պայծառ արևը, կանաչապատ կղզյակը, հավասարակշռությունը փոքր-ինչ խախտած շոգենավակը, երեխաների հիացած հայացքները... Միթե այս ամենը փոքրիկ հրաշք չէ: Թվում է , որ ուր որ է շոգենավը դուրս կթռչի գետից և կտանի դեպի անեզրությունը` հեռու զարգացած քաղաքակրթության մետաղե, քարե, քիմիական և մեխանիկական ճիրաններից: Անապական Մայր Բնությունը փայլում է իր ողջ շքեղությամբ և...համեստությամբ:
    Ես փորձում էի լուսանկարել բնության հրաշքները քաղաքակրթության հերթական հրաշքի միջոցով: Շրջվեցի , որպեսզի կղզյակը այլ անկյունից էլ լուսանկարեմ և նկատեցի քիչ հեռվում վառվող կրակը: Դա ամենևին էլ խարույկ չէր ու ոչ էլ փարոս, որ ուղորդում էր նավակը դեպի անհայտ ու հեքիաթային երկրներ, այլ մի քիմիական գործարան, որն իր թափոնները արտանետում էր գետի մեջ:
Բնության չքնաղ պատկերը միանգամից վերացավ. նույնիսկ քամին դադարեց տարուբերել մազերս, արևը սկսեց ավելի ուժգին այրել, իսկ շոգենավը ետ շրջվեց...
Վերադարձավ Միսաք Մեծարենցի նավակների նման, որոնք անկատար երազանքներ էին տանում : Սակայն իմ երազանքն ավելի անկատար էր, քան դժբախտ պոետինը;
Եթե երկրագնդի վրա դեռևս կուսական բնության մնացորդներ դեռ կան, ապա դժվար է գտնել դրանք: եվ եթե նույնիսկ գտնեմ, արդյո՞ք ես կարող եմ ապրել այնտեղ: ես, որ գրեթե ամեն բանից ալերգիա ունեմ և տեխնիկան, գրքերն ու ինտերնետը կյանքիս հիմնական բաղկացուցիչ մասերից մեկն եմ դարձրել:
Եթե նավակը նույնիսկ խաղտեր սահմանված ընթացքը և հայտնվեր իմ երազած վայրում, ապա շատ կարճ ժամանակ անց զգալու էի տեխնիկայի ճիչը և ցանականլու էի վերադառնալ իմ կեղտոտ, թունավոր և տհաճ քաղաքակրթության գիրկը:
Չնայած ուղղակի պաշտում եմ բնությունը,  ես 21-րդ դարի զավակն եմ....