Wednesday, August 10, 2011

Իսահակ Նյուտոնի ճաշը

Իսահակ Նյուտոնը այնքան էր տարված բարդ խնդիրներով ու հաշվարկներով, որ բավականին ցրված էր դարձել: Մի օր գիտնականի ծանոթներից մեկը նրան այցելության է գալիս, սակայն հյուրին զգուշացնում են, որ սըր Իսահակ Նյուտոնը աշխատոմ է , և ոչ ոք իրավունք չունի խանգարել նրան:
Քանի որ արդեն ճաշի ժամն էր, հյուրը նստում է ճաշասենյակում և սպասում գիտնականին: Գալիս է ծառան և սեղանին ծածկված ամանով եփած հավ է դնում: Անցնում է մոտ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չի հայտնվում:  Քաղցած հյուրը ուտում է հավը ,ծածկում ոսկորներով լի ամանը և ծառային խնդրում, որ տիրոջ համար մեկ այլ հավ պատրաստի:
Մինչ երկրորդ հավը կեփվեր, գիտնականը ճաշասենյակ է մտնում , ներողություն խնդրում իր ուշացման համար, ապա ավելացնում.
- Ես չափազանց քաղցած եմ և հոգնած: Խնդրում եմ սպասեք մինչև ճաշեմ, ապա ամբողջովին  ձեր տրամադրության տակ կլինեմ:
Այս բառերն ասելով գիտնականը բարձրացնում է կափարիչը և շրջվելով դեպի հյուրը, առանց որևէ զգացմունքի ասում.
- Տեսնում՞ ես, թե մենք` գիտնականներս ինչ տարօրինակ մարդիկ ենք: Ես միանգամայն մոռացել էի, որ արդեն ճաշել եմ:
Այդ պահին ծառան մյուս հավն է բերում, իսկ հյուրը բացատրում է թե բանն ինչում է: Քահ- քահ ծիծաղելուց հետո, քաղցած գիտնական նստում վերջապես  ճաշում է:

No comments:

Post a Comment