Friday, September 23, 2011

Խորը և խելացի աչքեր

Ես զգում եմ ինձ ուղղված զույգ աչքերի ջերմ հայացքը:  Շրջվում եմ, բայց ոչ թե մեկ, այլ մի քանի զույգ աչքեր են նայում ինձ` այնքա~ն բարի, այնքա~ն խելացի հայացքով: Անկախ ինձանից ես էլ ժպտում եմ ու զգում դրական էներգիայի ու բարության ներհոսք դեպի իմ հոգի: Իսկ իմ էներգիան իր հերթին նրանց է փոխանցվում: Ես զգում եմ, զգում եմ, թե ինչպես են ինձ  ժպտում… բակի թափառական շները:
Բակի ահ ու սարսափները զգում են, որ ոչ միայն չեմ վախենում իրենցից , այլև սիրում եմ իմ դեռևս մանկական հոգով: Ու ժպտում եմ իմ հազվադեպ ժպիով , որն ինձ ճապոնացու է նմանեցնում և քայլում եմ առաջ: Ճանապարհին լիքը մեծ ու փեքր շներ կան: Թեև անտուն են ու կիսաքաղց, բայց մենակ չեն, լքված չեն ու ԱԶԱՏ են: Բոլորին էլ ժպտում եմ, նույնիսկ խնձոր եմ տալիս, քանի որ ուրիշ բան չունեի: Ես զգում եմ, որ նրանք մտածում են “Բայց սա այնքան էլ վատ մարդուկ չէ, չնայած խնձորի տեղը հաց ու երշիկ կնախընտրեինք”:
Զարմացել եմ և շարունակում եմ զարմանալ, թե ինչու են մարդիկ վախենում նրանցից ու հալածում: Եթե գազանաբար հարվածելու կամ փախչելու փոխարեն թեկուզ մի կտոր հաց տան, ապա և' շունիկը քաղցած չի մնա, և' իրենք մի շատ -շատ լավ բարեկամ կգտնեն:
Երբ ես մտնում եմ մեր բակ, գիտեմ, որ այստեղ հավատարիմ ընկերներ ունեմ , որոնց ամեն անգամ տեսնելիս ժպտում եմ, ուղղակի ժպտում ...Կհարցնես , թե ինչու եմ ժպտում? Ճիշտ է նրանք քաղցած են ու թափառաշրջիկ, բայց միևնույն ժամանակ լույս ու հույս  են ճառագում:
Մի' հալածեք խեղճ կենդանիներին.  նրանք ոչ միայն  բարի են ու  խելացի, այլև  երբեք չեն մոռանում քո արած լավությունը:

No comments:

Post a Comment